ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Շատ վատ կլինի, եթե երբևէ բաց թողնենք այս հնարավորությունը»

«Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ելույթի մասին։
Sputnik
Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի ամբիոնից։

«Այնպես չէ, որ Հայաստանի ղեկավարներն այդ ամբիոնից ուղերձներ չեն հղել։ Ե՛վ պետք է գնահատենք այն, որ մեր հերթական ղեկավարն այդ ամբիոնից ելույթ է ունենալու, և՛ ողջունենք ու ասենք, որ ամեն տարի այս ամբիոնը պետք է օգտագործվի մեր հայկական խնդիրների բարձրացման համար։ Շատ վատ կլինի, եթե երբևէ բաց թողնենք այս հնարավորությունը»,- ասաց նա։

Այդ իմաստով Պողոսյանը դրական է գնահատում այն, որ Փաշինյանը ելույթ է ունենալու Նյու Յորքում։

«Հատկապես, որ հեղափոխությունից հետո առաջին ելույթն է լինելու։ Հասկանալի է, որ միգուցե շատ հզոր երկրների ղեկավարներ չեն լինում այնտեղ, բայց նրանց համապատասխան ներկայացուցիչները գրի են առնում, տեղ են հասցնում և ըստ այդմ հետո քաղաքականություն են կառուցում»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ արդեն ձևավորված մշակույթ կա, և անպայման անդրադարձ է լինում արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական փակ սահմանին, մերձավոր Արևելքին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին ԱՄՆ-ում է։ Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես է գալու ելույթով: