ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը։ Այս մասին ասված է հասարակական ուժերի միավորման տարածած հայտարարության մեջ։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»։
«Երևանի հանրությունը» նաև հայտնում է, որ իր կազմի մեջ մտնող հասարակական ուժերի մակարդակով շարունակելու է հետամուտ լինել իր նախընտրական ծրագրերի իրականացմանը և վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։
Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։