Կբարձրացնե՞ն ապրանքներից գանձվող հարկերը. ֆինանսների նախարարության պատասխանը

ՀՀ իշխանությունները դեռ քննարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը` փորձելով օպտիմալ տարբերակ գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը ԱԱՀ–ի բարձրացման հարց դեռ չի քննարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը` մեկնաբանելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումները։

Անանյան. «Եթե իրենց թվում է, որ մենք պետք է ընկնենք իրենց հետևից, այդպես չէ»

Այժմ քննարկվում է ֆիզիկական անձանց համար եկամտային հարկը նվազեցնելու հնարավորությունը (ինչի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։ Սակայն, որպեսզի պետբյուջեն չտուժի, իշխանությունն ուզում է բարձրացնել մյուս հարկերը։

«Որքանով ինձ հայտնի է, ԱԱՀ–ի մասին դեռ խոսք չկա։ Հիմնականում քննարկվում են ակցիզային ապրանքները, ընդ որում` ոչ բոլորը, որոնց թանկացումն այդքան էլ նկատելի չի լինի։ Կամ նկատելի կլինի, բայց հիմնավորված», – պարզաբանեց Ալավերդյանը։

Չի որոշվել նաև եկամտային հարկը նվազեցնելու հարցը։ Գաղափարն առաջ է քաշել Էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչության փաստարկների համաձայն` որքան գործատուն ավելի քիչ եկամտային հարկ վճարի աշխատակցի համար, այնքան նա ավելի շատ շահագրգռված կլինի նրա գրանցմամբ։ Այդ դեպքում հազարավոր աշխատողներ դուրս կգան «ստվերից», և այդպիսով, ավելի շատ հարկ կվճարվի։

Մնում է պարզել, թե այդ շղթան որքանով արդյունավետ կաշխատի գործնականում։

Պարտադիր կուտակայինի հարցը փակված չէ. նախարարը վստահեցրեց` հարցը դեռ քննարկվելու է

«Ավելի վաղ հայտարարել էինք, որ ավելի քիչ հարկ կգանձենք կապիտալից և ավելի շատ` սպառումից։ Այսինքն` ավելի քիչ հարկ ներդրումներից, կապիտալից, աշխատավարձներից և մի փոքր ավելի` ապրանքներից։ Դեռ խոսքը ակցիզային ապրանքների մասին է։ Բարեփոխումները` իրենց ամբողջ կարևորությամբ, չպետք է ազդեն բյուջեի վրա», – ավելացրեց Ալավերդյանը։

Կթանկանա արդյո՞ք ապրանքը սուպերմարկետներում, դեռ հայտնի չէ։ Փորձագիտական մակարդակում քննարկվում է դրան համար հարկային ռեժիմը պարզեցնել հնարավորությունը։ Շահութահարկի և ԱԱՀ–ի փոխարեն, առաջարկվում է նրանցից շրջանառության հարկ գանձել։ Այդկերպ սուպերմարկետները կազատվեն մրգի ու բանջարեղենի համար ԱԱՀ դուրս գրելու խնդրից (խնդիր, ինչի պատճառով մայիս–հունիսին հարկային ծառայությունը նրանց «թափ տվեց»)։

Որքա՞ն պետք է լինի հարկային տոկոսադրույքը, որպեսզի բյուջեն չտուժի։ Այս և նման հարցեր են շարունակվում քննարկվել Ֆինանսների նախարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանում եկամտային հարկն իջեցնելուց հետո ուզում են բարձրացնել նաև կուտակայինի վճարումները։ Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների համար աշխատավարձից 5%–ի փոխարեն 2,5% է գանձվում, բայց ժամանակավորապես։ Սակայն եկամտային հարկը նվազեցնելուց հետո, կուտակայինը կրկին ուզում են բարձրացնել։