Ինչո՞ւ է կինը քվեախցիկ մտել ամուսնու հետ. ՔԿ–ն գնացել է ընտրախախտումների հետքերով

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է 23 ընտրախախտումների մասին ահազանգերն ու հաղորդումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակեն. Մուկուչյան

Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ:

7 դեպքում քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը, մասնակից կուսակցություններից մեկի ներկայացուցիչն էլ զանգահարել է քաղաքացուն և հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:

Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը:

Այս դեպքերով նյութեր են նախապատրաստվում:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:

Տեսախցիկի ահազանգի հետքերով գնացած իրավապահները պարզել են, որ այն փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով և միացված չէ սնուցման համակարգին:

Արդյունքները հայտնի են. ինչպես են երևանցիները քվեարկել քաղաքի տարբեր վարչական շրջաններում

Իսկ ամուսնու հետ քվեախցիկ մտած կնոջ դեպքի վերաբերյալ պարզվել է, որ ամուսինը 80-85 տարեկան է, կինը՝ մոտ 70: Ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել, և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:

ՔԿ-ն հայտնում է, որ արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ և փորձել մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։