Տոնոյանն այցելել է հոսպիտալ և տեսակցել առաջնագծում վիրավորված զինծառայողին. լուսանկարներ

Նախարարը 20 տարեկան զինվորի առողջության մասին խոսել է բժիշկների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարն առաջին հերթին այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գևորգյան Արթուրին»,- գրել է նա։

Տոնոյանն Արթուրի առողջական վիճակի մասին խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։

Արթուր Գևորգյանի վիճակն այս պահին կայուն է։

Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդներին, ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։

Նշենք, որ զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը ծանր վիրավորվել է սեպտեմբերի 20-ին Մատաղիսում զինվորական հերթապահություն անցկացնելիս: