ՀՅԴ–ն ընդունում է ավագանու ընտրությունների արդյունքը, բայց և բացահայտում դրանց գաղտնիքը

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա ազդել են Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշն ու մասնակցությունը քարոզարշավին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ընդունում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Միաժամանակ, ՀՅԴ–ն շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել «բոլորի երազած Երևանն իրականություն դարձնելու գործին»։

Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է ԱԺ–ի կազմը փոխելու մանդատ

«Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է, և այս առումով ուզում ենք հույս հայտնել, որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»,– նշված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ՀՅԴ–ն ընդգծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա իրենց ազդեցությունն են թողել համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին։

Այդուհանդերձ, ՀՅԴ–ն փաստում է` Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։