6 ահազանգ. ընտրողները դժգոհել են տեղամասի հեռու լինելուց

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ:

Քվեարկությունն ավարտվեց. սկսվեց հաշվարկը

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն:

Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ իրենց շենքի անմիջապես հարևանությամբ տեղակայված են ընտրական տեղամասեր:

Նախընտրական քարոզչության ի՞նչ խախտումներ է արձանագրել ԿԸՀ–ն

Մեկ այլ ահազանգով տեղեկացվել է, որ Արցախի 8 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ կայանած է մի ավտոմեքենա, և շենքի բնակիչները նախ մոտենում են ավտոմեքենայում գտնվող անձանց, ապա նոր գնում քվեարկելու:

Վերջին՝ 6-րդ ահազանգը վերաբերել է քաղաքացու մտահոգությանը առ այն, որ իր հարևանները, թեպետ երկար տարիներ մշտական բնակություն են հաստատել արտերկրում, սակայն նրանց անունները առկա են եղել ընտրացուցակներում: Ստուգման ենթակա բոլոր ահազանգերով անմիջապես իրականացվել են ստուգումներ, իսկ պարզաբանման ենթակա հարցերին տրվել են մանրակրկիտ պատասխաններ: