Քվեարկությունն ավարտվեց. սկսվեց հաշվարկը

Բոլոր ընտրատեղամասերը ժամանակին փակվել են, որևէ արտակարգ դեպք չի գրանցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին։ 20։00 փակվեցին բոլոր 474 ընտրատեղամասերը։

Նախընտրական քարոզչության ի՞նչ խախտումներ է արձանագրել ԿԸՀ–ն

Ի դեպ, ՀՀ ընտրական օրենսգիրքն այս ընտրությունները կայացած համարելու համար մասնակցության որևէ սահմանափակում չի սահմանում։ Անկախ մասնակցության ցուցանիշից Երևանի ավագանու ընտրությունները համարվում են կայացած։

Երևանի ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից։ Այն քաղաքական ուժը, որ կստանա ընտրողների ձայների 50%–ից ավելին, առանց լրացուցիչ ընտրության հնարավորություն կստանա իր ընտրական ցուցակի առաջին համարին նշանակել Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում, ավագանու առաջին իսկ նիստում նորընտիր խմբակցությունները կառաջադրեն իրենց թեկնածուներին ու ընտրություն կանցկացնեն։

Հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր ներկայացրել։

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց  և նոր քաղաքապետի չընտրելուց հետո, ավագանին օրենքի ուժով լուծարվեց։ ՀՀ կառավարության որոշմամբ ավագանու արտահերթ ընտրության օր նշանակվեց 2018թ–ի սեպտեմբերի 23-ը։

Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն և դաշինք։