Հարուցվել է քրեական գործ ԲՀԿ–ի Աջափնյակի նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքով։ Այս մասին հայտնում է ՔԿ պաշտոնական կայքը։

2018թ.-ի սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում դեպքի վայրի զննություն է կատարել, որի ընթացքում քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները ծառայություն են իրականացրել շտաբի մուտքի դռան մոտ՝ արգելելու համար քաղաքացիների մուտքը տարածք:

Ինչպե՞ս անցավ Երևանի ավագանու ընտրությունը. միջազգային դիտորդի գնահատականը

Սակայն, ոստիկանության տվյալներով, ժամը 19:10-ին, երբ զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացվել է մասնակիցներին, շտաբի պետ Գ.Գ-ն դռների մոտ հավաքված քաղաքացիներին կոչ է արել ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել։ Ներկաները, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Հիշեցնենք` երեկ երեկոյան ԲՀԿ շտաբից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ուղիղ հեռարձակման միջոցով պարբերաբար տեղեկացնում էին, որ իրենց գրասենյակից քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն, ոստիկանությունը շրջափակել է շտաբը և խուզարկություն է իրականացնում:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել էր, որ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել այն մասին, որ ԲՀԿ շտաբում կաշառք է բաժանվում։