Երևանի ավագանու ընտրության մեկնարկը տրված է. 475 տեղամասերի դռները բացվեցին

ՀՀ մայրաքաղաքում մեկնարկել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 08։00-ին բացվել են Երևանի բոլոր 475 ընտրական տեղամասերը։ Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկը տրվել է նախանշված ժամին։

Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը, ոստիկանության հրապարակած ցուցակների համաձայն, 844 343 է։

Չպետք է հանդուրժել ընտրակեղծարարության որևէ դրսևորում. խորհրդակցություն ոստիկանությունում

Նշենք, որ Երևանի մասին օրենքով` ավագանու ընտրություններին մասնակցության իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց Երևանի առնվազն 1 տարվա գրանցում ունեցող մայրաքաղաքի բնակիչները։

Երևանի ավագանու ընտրություններին կհետևեն ավելի քան 600 դիտորդ տեղական 8 կազմակերպություններից։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր ներկայացրել։

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց  և նոր քաղաքապետի չընտրելուց հետո ավագանին օրենքի ուժով լուծարվեց։ ՀՀ կառավարության որոշմամբ ավագանու արտահերթ ընտրության օր նշանակվեց 2018թ–ի սեպտեմբերի 23-ը։

Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն և դաշինք։