Ինչպե՞ս է Քոչարյանի որդու դատական հայցն ընդունել Վանեցյանը

Հայաստանի երկրորդ նախագահի որդին ԱԱԾ ղեկավարից պահանջում է փոխհատուցում վճարել զրպարտանքի համար և հրապարակավ հերքել հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժպիտով է վերաբերում դատական հայցին, որը ներկայացվել է իր դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից։ Լրագրողներին այդ մասին նա ասաց Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո։

ԱԱԾ ղեկավարին հարցրին, թե ինչ կարող է ասել այդ առիթով։ Վանեցյանը կարճ պատասխանեց. «Ես միայն կժպտամ»։

Պիտի շնորհավորեմ հայ ժողովրդին, ունենք նոր բռնապետ. Քոչարյանը` Փաշինյանի ելույթի մասին

Վանեցյանի խոսքով` դատարանը կքննի գործը և որոշում կկայացնի, բայց ինքն հիմա չի ուզում ինչ-որ բան ասել, քանի որ կարող է տպավորություն ստեղծվել, որ ճնշում է գործադրում դատարանի վրա։

Նշենք, որ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, Վանեցյանից պահանջում է փոխհատուցում վճարել զրպարտության համար և հրապարակավ հերքել հայտարարությունը, բայց միաժամանակ հայցում չի նշվում, թե ինչ հայտարարության մասին է խոսքը։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11–ին հրավիրված ասուլիսին խոստացել էր, որ մոտ ապագայում կխոսեն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց ունեցվածքների ու դրանց ձեռք բերման ուղիների մասին։

«Կներկայացվի, թե ինչպես է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը` 6 միլիոն դոլար կաշառք տալով և այլն և այլն։ Ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, թե ինչպես է գալիս ու վերջում Քոչարյան ընտանիքը դառնում սեփականատեր։ Արդեն իսկ փողերի լվացման հոդվածով հարուցվել է քրեական գործ, բայց ապօրինի հարստացում նրանց չի սպառնում։ Իսկ խոսքը հարյուրավոր միլիոնի դոլարների մասին է»,–ասել է Արթուր Վանեցյանը։