Ինչ ահազանգեր է ստացել ոստիկանությունը. Երևանի ավագանու ընտրությանը հաշված ժամեր են մնացել

Փորձել են կաշառք տալ, վերցնել, խոչընդոտել լրագրողի գործունեությունը և խախտել են քվեարկության գաղտնիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասը ծախսել է, մյուսով ներկայացել ոստիկաններին

Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 9-ը՝ ընտրացուցակների անճշտության և 14-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: