ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ միասնական որոշում չունի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։
Բաբլոյանը հայտնեց, որ ընտրությունը կատարել է հանուն Երևանի զարգացման և առաջընթացի։
«Պայքարը միշտ թեժ է լինում։ Բայց երբեք պետք չէ անձնավորել, միմյանց վիրավորել։ Ցավոք, եղան նման դեպքեր։ Բայց հուսով եմ, որ կամաց-կամաց առաջ կգնանք, և ժողովրդավարություն կհաստատվի»,- ասաց նա։
Արա Բաբլոյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ավագանու ընտրություններին չմասնակցելով` ՀՀԿ-ն զիջում է դիրքերը։ Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններն, ԱԺ նախագահը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։
«Առայժմ վաղ է խոսել նաև ԱԺ ինքնալուծարման հնարավորության մասին։ Բաբլոյանը նշեց, որ քաղաքական ուժերն աշխատում են օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ։
«Երբ կիրականացվեն այդ աշխատանքները, քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին և իրենց որոշումները կընդունեն»,- ասաց ԱԺ նախագահը։
Բաբլոյանը քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 4/53 ընտրական տեղամասում։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: