ԱՄՆ–ն կխստացնի «Գրին քարտի» տրամադրման գործընթացը

Թրամփի վարչակազմն ուզում է ազատվել այն մարդկանցից, որոնք բեռ են դառնում երկրի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Գրին քարտ»-երի ու այցագրերի տրամադրման գործընթացի խստացմանն ուղղված նախաձեռնություն է նախապատրաստել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի ծառայությանը:

Օրինագիծը ենթադրում է մերժել քաղաքացիություն ստանալու նպատակով վիզայի կամ «Գրին քարտի» տրամադրումը այն հայցորդներին, որոնք սոցիալական աջակցություն են ստացել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Medicaid ծրագրին, որը սննդի ու ապաստարանների կտրոնների տրամադրում է ենթադրում։

Բացի այդ, որոշ դեպքերում, հայցորդին կարող են խնդրել մինչև 10.000 դոլարի չափով գրավ դնել:

Ամերիկյան իշխանությունը կարծում է, որ նորամուծությունը տարեկան կվերաբերի 340.000 մարդու:

Թրամփի վարչակազմի կարծիքով՝ գործընթացը խստացնելու դեպքում հնարավոր կլինի մերժել նրանց, ովքեր չեն կարողանա իրենց ֆինանսապես ապահովել երկրում ու բեռ կդառնան ԱՄՆ-ի սոցիալական ապահովման համակարգի համար: