ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Վարշավայի մշակույթի և գիտության պալատը երեկ` սեպտեմբերի 21–ին, ՀՀ անկախության 27–րդ տարեդարձի կապակցությամբ ներկվել էր հայոց եռագույնի երանգներով։
Այս մասին եռագույնով ներկված շենքի դիմացից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
«Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ` բոլորիս, Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի` անկախության 27–րդ տարեդարձի առիթով։ Լեհաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկը` Վարշավայի մշակույթի և գիտության պալատը, որ իմ հետևում է, պատկերված է Հայաստանի Հանրապետության գույներով` կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Ահա այս ձևով Լեհաստանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը` անկախության առիթով։ Այս ձևով Վարշավան շնորհավորում է նաև իր քույր քաղաք Երևանին` հիմնադրման 2800–ամյակի առիթով»,–ասում է Ղազարյանը։
Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնում Վարշավայի քաղաքապետ, պրոֆեսոր տիկին Աննա Գրոնկևիչ Վալցին` խնդրանքին ընդառաջելու և այս գեղեցիկ նվերը մեր ժողովրդին մատուցելու համար։
Նա նաև ընդգծում է, որ սա Լեհաստանի պատմության մեջ 1–ին անգամ է, որ երկրի խորհրդանիշներից մեկը շողշողում է հայկական եռագույնի գույներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին այսկերպ Հայաստանի անկախության տոնը շնորհավորեց նաև հարևան Վրաստանը` հեռուստաաշտարակը ներկելով հայոց եռագույնի երանգներով։