ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, գագաթնաժողովին նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ:
Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:
Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, եւ այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։