Դիլիջանի «կրեատիվ ափդեյթը». ինչպես են զբոսավարները զբոսաշրջիկներին Հայաստան բերում

Թվում է թե, նոր բան հնարավոր չէ տեսնել Դիլիջանում. ամեն ինչ վաղուց ցույց են տվել, ամեն ինչի մասին բազմիցս պատմել են։ Սակայն տեղի զբոսավարները հետաքրքիր ռազմավարություն են մշակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Հայաստանում զբոսավարները տուրերի ներկայացման նոր հետաքրքիր ռազմավարություն են մշակել, այդ թվում Դիլիջանում։  Գաղտնիքները նրանք բացահայտում են Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արթուր Ղազարյանը երբեք չի մտածել զբոսաշրջիկների հետ աշխատելու մասին։ Ասում է` եթե ծնվել ու մեծացել ես մի քաղաքում, այն առանձնահատուկ չի թվում։ Նա նույնիսկ չէր մտածում, որ իր հարազատ Դիլիջանը զբոսաշրջիկների համար Հայաստանում ամենասիրված քաղաքներից մեկը կդառնա։

Город Дилижан

«Մանուկ հասակում` դեռ Խորհրդային Միության տարիներին, ես շատերի նման ինտուիտիվ կերպով Դիլիջանը լավ քաղաք էի համարում, մենք փաստարկների մասին չէինք մտածում։ Իսկ այժմ հասկանում ենք` լեռների և անտառների,մաքուր օդի, հետաքրքիր ճարտարապետության սինթեզը թույլ է տալիս մեզ հպարտությամբ հայտարարել` Դիլիջանն արժե ցույց տալ բոլորին», – պատմում է Արթուրը։

Արթուր Ղազարյանն` իր ընկերների հետ, հյուրերի համար տուրերի անցկացման 3 ձև է մշակել։ Հաճախ զբոսաշրջիկները ցանկություն են հայտնում մասնակցել բոլոր երեքին էլ, քանի որ դրանք միմյանցից խիստ տարբերվում են։

Город Дилижан

«Առաջին տուրը քաղաքով է։ Զբոսաշրջիկների հետ քայլում ենք քաղաքում, ցույց տալիս ամեն բան` հին վանքերից մինչև նորաբաց սրճարաններ։  Զբոսանքը համեմում ենք պատմություններով։ Հաճախ սկսում ենք քաղաքի անվան ծագումնաբանության  հետ կապված լեգենդից», – ասում է Արթուրը։

Իսկ տեղանունի ծագումնաբանության  հետ կապված մի քանի լեգենդ կա։ Լեգենդներից մեկի համաձայն` քաղաքի անտառներում սիրում էր որս անել իշխան Դիլին, մյուսի համաձայն` նույն անունով աղքատ տղային էր սիրահարված արքայադուստրը, և թագավորը կարգադրել էր սպանել տղային, երրորդի համաձայն` հովիվը, կորցնելով իր շանը` Դիլիին, երկար կանչում էր նրան ու փնտրում։ Բոլոր այս լեգենդներին մի բան է միավորում` հերոսները կամ սիրահարվում էին, կամ կորում, կամ մահանում Դիլիջանի խիտ անտառներում։

Город Дилижан

Տուրի մեջ անպայման ներառվում է Դիլիջանի արգելոցը` Հարավային Կովկասի ամենահարուստներից մեկը։ Այստեղ կարելի է տեսնել նաև զառիվեր լեռան լանջին ծվարած մեծ պատշգամբով տունը։ Պատմում են, որ այս տանը սիրել է հանգստանալ նկարիչ Մարտիրոս Սարյանը։

Տուրի երկրորդ տեսակը զբոսաշրջիկների համար բացում է Դիլիջանի ոչ նյութական հարստությունը։ Զբոսավարները հյուրերին տանում են այնտեղ, որտեղ նրանք կկարողանան իրենց հայկական մշակույթի մաս զգալ։

Էքստրիմ Դիլիջանի անտառներում, կամ մեկ օր ռեյջերների հետ

«Սկզբում զբոսաշրջիկներին տանում ենք Տավուշի ավանդական խոհանոցը ներկայացնող «Կճուճ» ռեստորան, որտեղ հյուրերն անձամբ կարող են տոլմա պատրաստել, այնուհետև համտեսել այն։ Այցելում ենք տեղի բնակիչներից ամուսնական մի զույգի, որն արդեն մի քանի տարի է զբաղվում է ձեռքի աշխատանքով` պատրաստում զարդերից մինչև մագնիսներ` ամեն ինչ։ Զբոսաշրջիկներին այստեղ ևս առաջարկվում է գործով զբաղվել», – նշեց նա։

Տուրի մեջ ներառված է նաև այցելություն տեղի կոշկակարների, փայտագործների, դարբինների արհեստանոցներ։

Երրորդ տուրը պատմության սիրահարների համար է։ Այն անցկացնող զբոսավարները քաջատեղյակ են  Դիլիջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանի ճարտարապետության պատմությունից։

Նախախորհրդային ճարտարապետությունից զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրում է Ջուխտակ վանքը` 11–րդ դարում կառուցված «երկվորյակ» եկեղեցին։ Երբեմն զբոսաշրջիկներին հաջողվում է ականատես լինել ավանդական մատաղին։

Դիլիջանի խորհրդային ճարտարապետության մարգարիտը Խորհրդային Միության 50-ամյակի առթիվ 1970 թվականին տեղադրված քանդակն է։ Արձանը հաճախ նույնականացվում է Դիլիջանի հետ և նույնիսկ պատկերված է Դիլիջան հանքային ջրի շշի պիտակի վրա։ Դե իսկ հետխորհրդային ճարտարապետությունից ցույց  են տալիս UWC միջազգային ու «ԱՅԲ» դպրոցները. այդպիսով Դիլիջանը բացառապես այլ կողմից է ներկայանում զբոսաշրջիկներին։