Եթե Արցախի դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին, չի նշանակում, որ դրանք կանգ են առել

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի և Արցախի` դրանց մասնակցության հնարավորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Իրականում» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՀՀ անկախության տոնին արված ուղերձի շեշտադրումները ողջունելի է համարել` նշելով, որ ԱՄՆ–ն երեք համանախագահ երկրներից մեկն է և ունի բավական մեծ ներդրում:

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող կայանալ հապճեպ կարգով. Մնացականյան

«Գիտեք մեր դիրքորոշումը, որ մենք վճռական ենք և հավատարիմ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը: Միացյալ Նահանգների ջանքերը շատ էական են, և, այո՛, մենք պատրաստ ենք շարունակել աշխատել՝ կառուցողական ուղին բռնած առաջ տանել այս գործընթացը դեպի խաղաղ հանգուցալուծում: Միացյալ Նահանգները, համանախագահ են Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին. այս ձևաչափը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված և աջակցություն ստացած ձևաչափ: Այն իր մեջ ներառում է այդ երեք երկրները, որոնք ունեն ներկայություն այս տարածաշրջանում, ունեն կարողություն, ուժ՝ մեզ աջակցելու, լավագույնս կատարելու միջնորդության դերը: Եվ մենք ողջունում ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու այս աշխատանքը մյուս համանախագահ երկրների հետ միասին»,–ասել է Մնացականյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին հարցին`

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: «Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան»,–նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Արցախի հիմնահարցը և մարդու իրավունքները Միյատովիչի-Մնացականյան հանդիպման օրակարգում էին

Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ հարցին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դժբախտաբար, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: «Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել»,–նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Խոսելով բանակցային գործընթացին Արցախի մասնակցության մասին` Մնացականյանը նշել է, որ Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ, և որ սա նորություն չէ: «Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է»,–ասել է Մնացականյանը:

Նա նկատել է, որ եթե Արցախի դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին, դա չի ենթադրում, որ բանակցությունները կանգ են առնում, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ կառուցողական:

«Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ»,–նշել է Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին  ԱՄՆ նախագահի` ՀՀ անկախության 27–րդ ամյակի կապակցությամբ հղած ուղերձում ասվում էր. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-պետություն, Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ՝ հակամարտության տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»։