Խաչատուրովը հորդորում է դադարեցնել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է անում վերջ դնել հայ–ադրբեջանական սահմանի լարվածությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Հայտարարության տեքստը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորությունը հանգեցնում է իրադրության լարվածության նոր շրջադարձի և խաթարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ին կից Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկատվությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին մշտական խորհրդի նիստի ընթացքում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թեժացումը` ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի ավելացում թույլ չտալու նպատակով», — ընդգծել է Խաչատուրովը։

Հիշեցնենք` արդեն շուրջ 1 շաբաթ ադրբեջանական դիրքերից գնդակոծության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ու ավտոճանապարհները։ Սեպտեմբերի 14-ին գնդակոծվել էին Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերը։

Նույն օրերին գնդակոծվել էր նաև Նախիջևանի հատվածի հայկական տարածքը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին: