ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տոնական օրվա առանցքային միջոցառումներից մեկը` «սելֆիի ժամը», Հայաստանի քաղաքացիների համար վերածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևից քայլելու մեկուկես ժամանոց արշավի` երկար սպասված սելֆիի հույսով։ Նրանք Հանրապետության հրապարակից քայլեցին Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկ և հակառակ ուղղությամբ։
Փաշինյանը մարդկանց մեջ մտավ երեք դուստրերի հետ։ Նա հրապարակից քայլեց դեպի մոտակա խաչմերուկ։ Մարդիկ փորձեցին մոտենալ վարչապետին, պատմել իրենց խնդիրների մասին, աջակցություն խնդրել։ Ոմանք փորձեցին բաղձալի սելֆիի համար իրենց երեխաներին հրել Փաշինյանի մոտ` անտեսելով հրմշտոցն ու վարչապետին ամեն կողմից շրջապատած թիկնապահներին։
Քաղաքացիներին ամեն կերպ խանգարում էին հենց կառավարության ղեկավարի թիկնապահները և թույլ չէին տալիս մարդկանց մոտենալ վարչապետին։ Հնարավոր է` այդքան խիստ հսկողության պատճառն այն էր, որ վարչապետը եկել էր աղջիկների հետ։ Տպավորություն էր ստեղծվում, որ անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց ավելի շատ էին պաշտպանում, քան հենց Փաշինյանին։
Վարչապետը կանգ առավ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում, որտեղ առավոտից բեմ էր տեղադրվել։ Նրան կրկին օղակի մեջ առան անվտանգության աշխատակիցները։ Հետո Փաշինյանը մտավ մոտակա սրճարան։ Նրա հետևից գնաց մարդկանց բազմությունը, որը դեռ չէր կորցրել իր առաջնորդի հետ լուսանկարվելու հույսը։ Թվում էր, թե սպասելն արդեն անիմաստ է, բայց համառ հայերը հավաքվեցին սրճարանի մուտքի մոտ։
Փաշինյանի ներկայությունը Հանրապետության հրապարակում շտկումներ մտցրեց մշակույթի նախարարության ծրագրերում։ Ի սկզբանե «սելֆիի ժամը» պետք է դառնար Հայաստանի Անկախության օրվան նվիրված ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը։ Գաղափարն առաջարկել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դեռ երեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում` հրավիրելով բոլոր հավաքվածներին ժամը 14։00-15։00-ին «սելֆիի ժամ» անցկացնել քաղաքական, հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ։
Սակայն Հանրապետության հրապարակը, որտեղ տեղադրվել էին հայկական ավանդական ուտելիքով, կարկանդակներով, գինիով և գարեջրով տաղավարները, դատարկվեց, երբ Փաշինյանը գնաց զբոսնելու կենտրոնական փողոցներից մեկով։ Մնացին միայն լուսանկարչական խցիկներով զբոսաշրջիկները և տեղի բնակիչները, որոնք եկել էին միջոցառման վերջում։
Մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ այստեղ հայտնվեցին հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Բացի այդ, հրապարակ եկան կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այդ ընթացքում մարդիկ շարունակում էին սպասել Փաշինյանին, բայց միայն հատուկենտ մարդկանց հաջողվեց երկար սպասված սելֆի անել վարչապետի հետ։