ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները, այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, այնուհետև նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, հենց հիմա, Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած և կտրված չի լինի ժողովրդից»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանում իշխանությունն անշրջելիորեն պատկանում է իր ժողովրդին, իշխանությունն անշրջելիորեն պատկանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիներին:
«Եվ ուրեմն, կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը, կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց նա:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի նստավայրի փոքրիկ, բայց գեղեցիկ այգին նույնպես պատրաստվում են ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար։