Ո՞վ է վիրավորել Նաիրա Զոհրաբյանին. կպարզի գլխավոր դատախազությունը

Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը ՄԻՊ–ը փոխանցել է գլխավոր դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ»,- նշված է հաղորդագրությունում:

Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: