«1000 դրամի» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիների դեպքերի վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետը զրուցել է զոհված ազատամարտիկների մայրերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Եռաբլուր» պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է զոհված ազատամարտիկների մայրերին: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Հայտնի ընկերությունները չեն վճարում «1000 դրամների » հիմնադրամին

Դիմելով վարչապետին՝ նրանք նշել են, որ «1000 դրամների» հիմնադրամը գործում է միայն 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների համար:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ այդ օրենքն ընդունվել է, որոշվել է, որ աշխատող մարդիկ ամսական 1000 դրամ են վճարում հիմնադրամին:

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ հիմնադրամից գումարների վճարումը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:

«Խնդիրը միայն նշանակելը չէ, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է: Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ որքան այդ ֆոնդում գումար հավաքվեց, կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական և այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում:

Նշենք, որ վիրավոր կամ հաշմանդամ զինծառայողներին աշխատավարձերից 1000-ական դրամ փոխանցելու մասին օրենքը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից։