Միջոցառումներ են ձեռնարկվել. Տոնոյանը խոսեց հայ–ադրբեջանական սահմանի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտնել է, թե այս պահին ինչ վիճակ է տիրում հայ–ադրբեջանական սահմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Սահմանին այս պահին հարաբերական կայուն է»,- սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, արդեն շուրջ 1 շաբաթ ադրբեջանական դիրքերից գնդակոծության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ու ավտոճանապարհները։ Սեպտեմբերի 14-ին գնդակոծվել էին Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերը։

Նույն օրերին գնդակոծվել էր նաև Նախիջևանի հատվածի հայկական տարածքը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին: