«Բաղձալի» աղբատարները հասան Երևան, մնաց` աղբից ազատվենք. լուսանկարներ

Նախարարի գրառումը հույս է տալիս, որ աղբահանության խնդիրը մասամբ կլուծվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերության նոր աղբատարները հասել են Հայաստան։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նաև հրապարակել է մեքենաների լուսանկարները։

«Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են»,- լուսանկարին կից գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում աղբահանության խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ մայրաքաղաք կհասնեն աղբահավաք հինգ մեքենաները։

«Սանիթեքի» ղեկավարն ասել է` երբ կլուծվի Երևանում աղբահանության խնդիրը

5 ավտոմեքենաների տեղ հասնելուց հետո ընկերության պարկում դրանց թիվը հասավ 37-ի։

Թավիլը միաժամանակ նշել էր, որ եթե անգամ 70 բեռնատար էլ բերեն, միևնույն է` տեխնիկան փչանալու է, քանի որ անհրաժեշտ է լուծել «Նուբարաշեն» տանող ճանապարհների խնդիրը։

«Սանիթեքի» տնօրենն ասել էր նաև, որ սովորական իրավիճակում քաղաքը մաքրելու համար 27 մեքենա պետք աշխատեն, սակայն ավելի շատ մեքենա է հարկավոր, որպեսզի տեխնիկական խնդիրների դեպքում մեքենաները փոխարինվեն։ 

Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Երևանում աղբահանության իրավունքը կարող են մասամբ կամ լիովին վերցնել «Սանիթեք» ընկերությունից։

Հուլիս-օգոստոս ամիսներին աղբահանությունը Երևանում պատշաճ ձևով չէր իրականացվում։ Իրավիճակը սրում էր անոմալ շոգը, որի հետևանքով աղբի կուտակման վայրերում սաստիկ գարշահոտություն էր տարածվում, վտանգավոր վարակների օջախներ էին ի հայտ եկել։ Հուլիսի վերջին ընկերությունը տուգանվեց 12 միլիոն դրամով ու հայտարարեց, որ հաշվի կառնի քաղաքապետարանի դիտողությունները։