«Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ». Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:

Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից»,- նշված է ուղերձում։

Նախագահը նշել է, որ մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել:

«Մենք պարտք ունենք նրանց առաջ: Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել»,- նշել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի խոսքով` նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ

«Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգևորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:

Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով»,- նշել է նախագահը:

Ըստ Սարգսյանի` որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում:

«Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք:

Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ»,- ընդգծել է նախագահը:

Սարգսյանը հիշեցրել է, որ մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին և միասնական։

«Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի և աշխատավորի, մտավորականի և ուսանողի, բոլորիս տոնը»,- նշված է ուղերձում։

Սարգսյանը շնորհավորել է բոլորին համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթել է խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն և լավատեսություն: