Փաշինյանը հայտարարեց` Ադրբեջանից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար

ՀՀ վարչապետը վստահեցրեց` կառուցում ենք մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց չի նշանակում, որ չենք պատրաստվում պաշտպանել մեր հայրենիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Մեր արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրն Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է: Այսօր` սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվան նվիրված ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց` մեր դիրքորոշումը չի փոխվել. մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք ամեն մեզնից կախված ամեն ինչ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար:

«Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար: Ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` մենք կառուցում ենք խաղաղասեր ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան: