Նոր որոշում. Վրաստանը ցորեն ու ալյուր ներմուծելու և արտահանելու արգելքը հետաձգեց 1 տարով

Բողոքի ցույցերն արդյունք տվեցին. Վրաստանը որոշեց հետաձգել արգելքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել ևս մեկ տարի։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Երեկ Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչև այս տարվա վերջը։ Այսօր որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչև մեկ տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ցորեն ներկրողները սեպտեմբերի 18-ին լայնածավալ բողոքի ակցիա էին կազմակերպել` Վրաստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում` Լիլոյում, փակելով ազատ տնտեսական գոտին։ Նրանք ասել էին, որ եթե երկրի իշխանությունները չփոխեն նախորդ որոշումը և չեղյալ չհայտարարեն ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն ներկրելու արգելքը, խոստանում են Վրաստանին իսկական շրջափակման մեջ գցել` կաթվածահար անելով կենտրոնական բոլոր մայրուղիները։

Թբիլիսին սեպտեմբերի 15-ից արգելք էր սահմանել ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն կամ ցորենի ալյուր ներկրելու կամ արտահանելու համար։