Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող կայանալ հապճեպ կարգով. Մնացականյան

ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու գործընթացն ընթացքի մեջ է և այն կհասնի իր հանգուցալուծմանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ, այդ հարցը կհասնի իր հանգուցալուծմանը: Մոտ ժամանակներս կլսենք երկու երկրների պաշտոնյաների՝ տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք կբերեն այդ հանդիպմանը: Ներկայում մենք չենք կարող ասել, որ այսպես հապճեպ այդ հանդիպումը կկայանա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար Նիկոլ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցը։ Ավագանու ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։