Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրում սկանդալային տեսահոլովակի համար. տեսանյութ

Երգիչները ծաղրական տեսահոլովակ են նկարել ռեփերներ Քանյե Ուեսթի և Լիլ Պամպի I Love It երաժշտական տեսահոլովակի մոտիվներով` ներողություն խնդրելով սկանդալային «Իբիցայի» համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի ծաղրական տեսահոլովակը, որում արտիստները երկրպագուներից ներողություն են խնդրում «Իբիցա» տեսահոլովակի համար, YouTube-ում մեկ օրվա ընթացքում դիտել են ավելի քան 2,1 միլիոն անգամ։

Բասկովի և Կիրկորովի «Իբիցան» YouTube-ում էր հայտնվել սեպտեմբերի 8-ին և իսկույն քննադատության ալիք բարձրացրել սոցիալական ցանցերում։

Երեկ` սեպտեմբերի 19-ին, արտիստները նոր տեսահոլովակ են հրապարակել Քիմ Քարդաշյանի ամուսնու` ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի I love it տեսահոլովակի նմանությամբ։
«Ներողություն Ibiza-ի համար» նոր տեսահոլովակի սկզբում Կիրկորովի և Բասկովի տարեց երկրպագուն ասում է, որ նրանք եղել են իր սիրելի արտիստները, բայց գլորվել են անդունդը, որից հետո երկու կատարողներն էլ ներողություն են խնդրում նրանից և խնդրում են ներել «զգացմունքները վիրավորելու համար»։

Տեսանյութի հրապարակման պահից մեկ օր է անցել, բայց նոր տեսանյութն արդեն հայտնվել է «Թրենդ» բաժնի առաջին հորիզոնականում։