Եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել

Եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործում մարդու իրավունքների մի քանի խախտում է արձանագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նրա հրապարակման համաձայն` ՄԻԵԴ-ն այդ վճռով ճանաչել է, որ Սաղաթելյանի կալանքի և նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումներն ապօրինի են եղել ու հանգեցրել են նրա իրավունքների կոպիտ խախտումների։

Սասուն Խաչատրյանը Մարտի 1–ի գործով նոր բացահայտում արեց

Դատարանը նաև արձանագրել է, որ Մուշեղ Սաղաթելյանը 2008թ.-ի մարտի 1-ին՝ ձերբակալման պահին և հետագայում, ոստիկանության բաժնում ենթարկվել է խոշտանգումների։ Բայց այդ հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարաններն ու իրավապահները: Խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն չի կատարվել։ «Ամփոփելով՝ Դատարանը հաշվի է առնում, որ ազգային դատարանները քննելով մեղադրանքի առանցքային փաստերը, որոնք հիմնված էին իրարամերժ ապացույցների վրա, ձեռնպահ են մնացել խելամիտ հնարավորություններից օգտվելուց՝ ստուգելու համար ոստիկանների մեղադրական հայտարարությունները, որոնք մեղադրանքի կողմի (դատախազության) միակ վկաներն են եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել խնդրո առարկա իրադարձություններում»,– ՄԻԵԴ որոշումը մեջբերելով` գրում է փաստաբանը։

Իր վճռով ՄԻԵԴ–ը ՀՀ իշխանություններին պարտավորեցրել է փոխհատուցել Մուշեղ Սաղաթելյանին հասցված բարոյական վնասը։ Նշենք, որ իր դիմումի մեջ Սաղաթելյանը որպես փոխհատուցում պահանջել էր 70 000 եվրո, բայց Եվրոպական դատարանը որոշել է, որ ՀՀ իշխանությունները կվճարեն 15 600 եվրո։

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին-2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով։ Այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 000 դրամ տուգանքի։