ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիներին, որոնք պահանջում իրենց դեռևս 2009 թվականին կառավարության որոշմամբ հատկացված, բայց մինչև օրս չտրված փոխհատուցումը:
«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքում, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել»,- ասաց բողոքող տղամարդկանցից մեկը:
Արծվաշենցիները հայտնեցին նաև, որ Ճամբարակում ապրում են մոլոկանների թողած կիսաքանդ փայտե տներում։
«Ամեն առավոտ արթնանում ենք, տեսնենք` ում տունն է գիշերը քանդվել»,- ասացին նրանք։
Խնդրին ծանոթանալու և լուծում գտնելու համար վարչապետը ճամբարակցիներին առաջարկեց 5 հոգանոց խումբ կազմել ու հոկտեմբերի 2-ին գալ Երևան` իր հետ առանձին հանդիպման։
Կառավարության շենքից դուրս եկած վարչապետը լսեց նաև շենքի դիմաց հավաքված այլ քաղաքացիների բողոքները, ապա ոստիկաններին հանձնարարեց անարդարությունից դժգոհող քաղաքացիներին ուղեկցել համապատասխան կառույցներ` հանցագործության մասին հաղորդում տալու։ Իսկ ինքը ներողություն խնդրեց, ասաց, որ իր ժամանակը սահմանափակ է ու հեռացավ։
Հիշեցնենք` Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը սկսվեցին 1989 թվականին և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը: Ադրբեջանցիներն այդ օրը բռնազավթեցին Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: