Կաթողիկոսի հեռանալու լուրը կեղծ է. Վահրամ քահանա Մելիքյան

Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։

«Երբ տուրք է տրվում կեղծ լուրերին: Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և, մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»,- գրել է Վահրամ Քահանա Մելիքյանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, թե Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Օրաթերթն ավելացրել էր, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով: