ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ է դնելու ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Պատգամավորն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Այս նախագծերը նախատեսում են ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը:
Հակոբյանը հիշեցնում է, որ գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի անվտանգությունը:
Նախածերով նախատեսվում է նաև արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը: