Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Նախկին քաղաքապետին կասկածում են առանձնապես խոշոր չափերի յուրացումների և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Պետրոսյան. «Հրազդանի համայնքապետարանում հայտնաբերվել են հանցակազմ պարունակող խախտումներ»

Գործի քննությունը հետագայում հանձնվել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ քրեական գործ հարուցելը մերժվել էր:

Ըստ մարզպետի` Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին:

Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափեր յուրացում և վատնում) և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, և ավագանու անդամները միաձայն կողմ էին քվեարկել քաղաքապետի հրաժարականին: