Բողոքի ակցիա Երևանում. հավաքվածներն ուզում են, որ իրենց լսի անձամբ Նիկոլ Փաշինյանը

Արծվաշենցիները պահանջում են նախկին կառավարությունների խոստացած ու չտրամադրած փոխհատուցումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ճամբարակի բնակիչները` Արծվաշենից տեղահանվածները: Նրանք պահանջում են տարիներով խոստացած ու այդպես էլ չտեսած իրենց փոխհատուցումները: Նրանք ոչ մեկի խոստմանը չեն հավատում:

«Մեզ նախկին կառավարությունը խոստացել է ամեն տան դիմաց 1 մլն դրամ փոխհատուցում տալ: Եկել են, գրանցել, գնացել ու ոչ մի կոպեկ չեն տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճամբարակցիներից մեկը` նշելով, որ այսօր Երևան են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ու իրենց խնդիրները ներկայացնելու:

«Մենք Արծվաշենից տեղափոխվել ենք Ճամբարակ, որտեղ մոլոկաններ էին ապրում փայտաշեն տներում: Հիմա այդ տները փտել են, քանդվում են»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Անհատ տաքսիստները կազատվեն հարկային պարտավորություններից. Նիկոլ Փաշինյան

Արծվաշենցիների հաշվարկով, յուրաքանչյուր տան վերանորոգման համար շուրջ 20 000 դոլար է անհրաժեշտ:

Վարչապետի վերահսկողական ծառայության նամակների, դիմումների վարչության պետ Հարություն Գևորգյանը դուրս եկավ լսելու ճամբարակցիների բողոքները և հայտնեց, որ խնդրի մասին առաջին անգամ են լսում:

«Մենք առաջարկեցինք խնդիրը փաստաթղթերով ներկայացնել մեզ, որպեսզի կարողանանք ծանոթանալ խնդրին ու հասկանանք, թե ինչպես կարող ենք մեր իրավասության շրջանակներում լուծել»,- ասաց Գևորգյանը:

Ճամբարակցիներին, սակայն, այս պատասխանն այնքան էլ չգոհացրեց: Նրանք հայտարարեցին, որ ամեն անգամ այդքան ճանապարհ անցնելու ու Երևան հասնելու հնարավորություն չունեն, ուստի պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսի իրենց խնդիրների մասին:

Բողոքի ակցիա Երևանում. հավաքվածներն ուզում են, որ իրենց լսի անձամբ Նիկոլ Փաշինյանը

Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը սկսվեցին 1989 թվականին և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը: Ադրբեջանցիներն այդ օրը բռնազավթեցին Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: