Արցախի հիմնահարցը և մարդու իրավունքները Միյատովիչի-Մնացականյան հանդիպման օրակարգում էին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին  ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Որոշիչ ձայնն այս հարցում Արցախինն է. Զոհրաբ Մնացականյան
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Մնացականյանը ողջունել է հյուրին և նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքներ: Նա հավելել է, որ  հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:

Զրուցակիցները շեշտել են, որ Դունյա Միյատովիչի այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին ՀՀ օրենսդրական բարեփոխումներին,  մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:

«Անընդունելի է». արտգործնախարարը դատապարտել է Տավուշում խաղաղ բնակիչներին թիրախավորելը

Հատուկ անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:

Նախարարը հանձնակատար Միյատովիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության: