Երևանի քաղաքապետին կարող են ընտրել նաև այլ երկրների քաղաքացիները

Երևանի ավագանու ընտրություններին կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ քաղաքացիները։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Սփյուռքի նախարարն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրախախտողներին չեն խնայի. ԱԺ–ն որոշումն ընդունեց

«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 23-ին։ Դրանց մասնակցում են 12 քաղաքական ուժեր։