Հայ տղամարդը ողջ է մնացել Ռուսաստանում ավտոբուսների բախումից հետո. տեսանյութ

Վթարի ականատեսը պատմել է, որ ավտոբուսների բախման ժամանակ ուղևորներից շատերը քնած են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայը հրաշքով է փրկվել Վորոնեժի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի ժամանակ։

Ինչպես հայտնում է ռուսական հինգերորդ ալիքը, Լևոն Ղազարյանը ՃՏՊ-ի ժամանակ ավտոբուսներից մեկում է եղել։ Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի երեկոյան «Դոն» Մ-4 մայրուղու վրա։

Ղազարյանը հայտնել է, որ բախման ժամանակ ուղևորներից շատերը քնած էին, սակայն ուժեղ հարվածից նրանք արթնացել են։

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, տուժածներից շատերին հիվանդանոց են տեղափոխել։

«Հարվածն ուժեղ էր, շատերը քնած էին, ես էլ։ Շտապօգնության ավտոմեքենան արագ տեղ հասավ», — լրագրողներին պատմել է Ղազարյանը։

Մոսկվա-Ստավրոպոլ երթուղին իրականացնող Volvo մակնիշի ավտոբուսը կանգնած է եղել ճամփեզրին, վարորդը փորձել է վերացնել տեխնիկական անսարքությունը։ Այդ պահին Volvo-ին է բախվել Neoplan մակնիշի ավտոբուսը, որը Մոսկվայից Կարաչաևո-Չերկեսիա էր ուղևորվում։ Բախման հետևանքով Neoplan ավտոբուսի վարորդն ու երեք ուղևորները տեղում մահացել են։ Ավելի քան 10 մարդու հիվանդանոց են տեղափոխել։ Տուժած կանանցից մեկը վիրահատության ժամանակ է մահացել։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։