Ի՞նչ կապ ունի գաղտնալսումը. Նահապետյանը խուզարկությունը կապում է իրենց գործունեության հետ

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչները կարծում են, որ իրենց աշխատանքն ուզում են սահմանափակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության գրասենյակում իրականացրած խուզարկությունն անմիջականորեն կապված է կազմակերպության գործունեության հետ և վկայում է քննչական մարմնի ներկայացուցիչների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Սրանում համոզված է նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Հայկ Այվազյանը։

Ուզում են ճնշում գործադրել. Նահապետյանը`իրենց գրասենյակում իրականացված խուզարկության մասին

Սեպտեմբերի 17-ի առավոտյան նախաձեռնության գրասենյակում Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել։ Հեռախոսներ և համակարգիչներ են առգրավվել։ Դատարանի որոշման մեջ նշվում էր, որ խուզարկությունն իրականացվում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով հարուցած քրեական գործի շրջանակում։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ.-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

«Խուզարկությունն իրականացվել է սեպտեմբերի 17-ի առավոտյան, առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ (նույնիսկ նրանք, որոնք ձայնագրման ֆունկցիա չունեն)։ Այժմ մեր կազմակերպության աշխատանքը դադարեցվել է, քանի որ մեր մոտից գրեթե ամեն ինչ տարել են», — լրագրողների հետ զրույցում ասաց Նահապետյանը։

Նա նշեց, որ համակարգիչներում պահվում էր, օրինակ, տեղեկություն ԼԳԲՏ կազմակերպությունների, դրամաշնորհների հաշվին աշխատող կառույցների մասին։ Ամբողջ տվյալների բազան էր այնտեղ` նրանց անուն-ազգանունները, որոնք ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումների կազմակերպմամբ են զբաղվում։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ-քրիստոնյաների 11-րդ ֆորումը կկայանա Երևանում 2018 թվականի նոյեմբերի 15-18-ը։

«Պարզապես ծիծաղելի է այն ենթադրությունը, թե մեր գրասենյակում գաղտնալսումներ են անցկացվել։ Համոզված եմ, որ խուզարկությունը կապված էր մեր գործունեությունը սահմանափակելու մտադրության հետ, որպեսզի մենք հանդես չգանք այն ամենի դեմ, ինչը խարխլում է ընտանիքի ինստիտուտը», — ասաց Նահապետյանը։

Նա նշեց, որ գրասենյակը զբաղվում է մի օրինագծի մշակմամբ, որն արգելում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը։ Պատգամավորներից շատերը պատրաստ են այն անհապաղ քննարկել ԱԺ-ում։

ՀՀԿ–ն գտել է սողանցքը. գաղտնալսումների գործը հանձնաժողովին չի խանգարի

Խուզարկություն իրականացնելու թույլտվության մեջ նշվել է, որ կազմակերպությունը կասկածվում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ։ Սակայն, ինչպես նշեցին նախաձեռնության ներկայացուցիչները, գրասենյակում համապատասխան սարքեր չկան։ Նահապետյանն ու Այվազյանը անհեթեթ են համարում մեղադրանքները, թե գրասենյակը գաղտնի է գործում։ Նախաձեռնության գոյության երկու տարվա ընթացքում մի քանի հարյուր մարդ է գրասենյակ այցելել։

Ո՛չ Նահապետյանը, ո՛չ նրա գործընկեր Հայկ Այվազյանը մեղադրյալ կամ կասկածյալ չեն, սակայն նրանք չբացառեցին, որ մոտ ապագայում կարող են նման կարգավիճակով ներգրավված լինել գործին։ Միևնույն ժամանակ նրանք ՔԿ-ին մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին նույն գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել նաև Yerevan today կայքի խմբագրությունում։ Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նույնպես այդ խուզարկությունը կապում է կայքի գործունեության հետ։