2018 թվականին Հայաստանում բնակարան գնողներին կրկնակի շատ հարկ են վերադարձրել

Եկամտային հարկի վերադարձ կարելի է ստանալ նաև ոչ էլիտար հիփոթեքով բնակարան գնելու դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. 2018 թվականի սկզբից Հայաստանում բնակարան գնողներին կրկնակի շատ հարկ են վերադարձրել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

ԿԲ-ն ու ՊՆ-ն քննարկել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի մանրամասները

Ընդամենը ութ ամսվա ընթացքում վերադարձրած եկամտահարկը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Իսկ ողջ 2017 թվականին մոտ 2.4 մլրդ դրամ է եղել։ Եկամտային հարկը վերադարձվում է նորակառույց շենքում բնակարան գնելու դեպքում։

Նշենք, որ 2018 թվականից հարկի վերադարձի կարգում փոփոխություններ են մտցվել։ Նախկինում եկամտային հարկի վերադարձը հնարավոր էր ստանալ հիփոթեքով ցանկացած արժողությամբ բնակարան գնելու դեպքում, նույնիսկ` էլիտար։ Այժմ եկամտահարկը վերադարձվում է միայն նրանց, ով հիփոթեք են վերցրել մինչև 55 մլն դրամ արժողությամբ բնակարանի համար։ Ընտանիքին կվերադարձնեն այնքան հարկ, որքան նա տոկոս է վճարում հիփոթեքի համար։ Սակայն ամսական ընտանիքը կկարողանա ստանալ 500 հազար դրամից ոչ ավելի։

2018 թվականի հունվարի 1-ից հարկի վերադարձ հնարավոր կլինի ստանալ միայն մեկ բնակարան գնելու դեպքում։ Այս սխեմայով մի քանի բնակարան գնել հնարավոր չի լինի։