Գազալցակայանների և բենզալցակայանների տերերին կստիպեն զուգարաններ կառուցել

Նախարարությունը խստորեն կվերահսկի, որպեսզի բոլոր լցակայանները վերանորոգեն կամ կառուցեն պետքարաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում գազալցակայանների և բենզալցակայանների տերերին կստիպեն բարձրորակ պետքարաններ կառուցել։

Գազալցակայանների հետ պատերազմը նոր չէ. ինչի՞ հետ են կապված ստուգումներն ու պատժամիջոցները

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Միջհանրապետական ճանապարհներին ընդհանրապես չկան զուգարաններ, կամ դրանք չափազանց վատ վիճակում են։ Նոր զուգարանների վերանորոգումը կամ կառուցումը գրեթե անհնար է բյուջեի գումարներով, քանի որ խոշոր գումարներ են անհրաժեշտ։

Դրա հետ կապված` նախարարը բավականին հետաքրքիր ծրագիր է մտածել։ Նրա խոսքով` այդ ճանապարհներին գործում են 216 գազալցակայան և ավելի քան 100 բենզալցակայան, որոնք օրենքի պահանջով պետք է ունենան բոլոր անհրաժեշտ հարմարությունները։

«Մենք խստորեն կվերահսկենք, որ բոլոր գազալցակայաններն ու բենզալցակայանները կառուցեն կամ վերանորոգեն իրենց պետքարանները», — ասաց Պապիկյանը։

Մոտ ապագայում լցակայան կառուցելու թույլտվություն կտան միայն այն տարածքներում, որտեղ զուգարան է նախատեսված։

Զբոսաշրջային ընկերություններից շատերը հայտարարում են, որ ճանապարհներին զուգարանների բացակայությունը լուրջ խոչընդոտ է ոլորտի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Ավելին, 2012թ-ին երկիր է ներկրվել երկու բիոզուգարան` 124 միլիոն դրամ արժողությամբ։ Զուգարաններից մեկը տեղադրված է «ՏաԹևեր» ճոպանուղու մոտ, երկրոդը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, որոնք, սակայն, չեն գործում։