ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Երևանցիների բնակարաններում գազամիացումը ցանկանում է ստուգել ևս մեկ ընկերություն` «Էկոնոմ գազ սերվիսը»։ Գործող կանոնների համաձայն` «Գազպրոմ Արմենիան» ինքը կարող է որոշել, թե ով է ստուգելու իր բաժանորդների անվտանգությունը։ Հիմա դրանով զբաղվում է մեկ ընկերություն` «Էյ-Ի-Ջի սերվիսը»։
«Էկոնոմ գազը» դա անօրինական մրցակցություն է անվանել և բողոքել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բողոքն ընդունված է։ Հիմա կատարվում է ուսումնասիրություն` խանգարո՞ւմ է արդյոք «Գազպրոմ Արմենիան» ներտնային սպասարկման շուկայում մրցակցությանը, թե՞ ոչ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիան» իրավունք ունի ընտրելու, թե ով և ինչպես պետք է սպասարկի գազ սպառող բաժանորդներին։
«Գործող կանոնների համաձայն` մենք թույլ ենք տվել «Գազպրոմ Արմենիային» որոշել, թե որ ընկերությանը պատվիրեն ներտնային սպասարկումը։ Նրանք պարտավոր չեն ընտրել այդ ընկերությանն ընտրել մրցույթով և պարտավոր չեն ընտրել մեկից ավելի ընկերություն։ Նրանք որոշել են, որ պետք է աշխատի մեկ ընկերություն` առանց մրցույթի։ Դա նրանց իրավունքն է», — ասաց Աղիյանը։
Իսկ ինչպես ստուգել` մեկ այլ ընկերություն ի վիճակի՞ է բաժանորդների սպասարկում իրականացնել, թե ոչ։ Դրա համար կան մի շարք տեխնիկական պահանջներ։ Պետք է ունենալ անխափան աշխատող սարքավորում` գազի կետերը ստուգելու համար, ունենալ որակավորված աշխատակիցներ և 24-ժամյա հերթապահություն իրականացնելու հնարավորություն։
«Այդ պահանջները հաստատել է մեր հանձնաժողովը։ Բայց համապատասխանո՞ւմ է արդյոք դրանց «Էկոնոմ գազը», մենք չգիտենք։ Նման հայտերը դիտարկում է «Գազպրոմը», ոչ թե մենք», — ասաց ՀԾԿՀ ներկայացուցիչը։
Տվյալ պահին բաժանորդներին կարող է օրինական կերպով սպասարկել միայն «Էյ-Ի-Ջին»։ Ուստի հանձնաժողովը «Էկոնոմ գազին» փոխանցել է, որ նրանց ծառայություններն անօրինական են։
Մոտ ապագայում ՏՄՊՊՀ-ն կորոշի` խախտվո՞ւմ է արդյոք մրցակցությունը։