«Առաջնագծում լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել». Փաշինյան

ՀՀ վարչապետը ֆեյսբուքի ուղիղ եթերով Արցախից տեղեկացնում է իրավիճակի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Առաջնագծում, ընդհանուր առմամբ, բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի:

Արցախում արջի քոթոթները կտրել են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը. տեսանյութ

ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում:

Վարչապետը Արցախում Բակո Սահակյանի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:

Դրանից հետո կայացած ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են Արցախի շուրջ ստեղծված վիճակը:

«Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին»:

Վարչապետը հավելեց՝ դա չի նշանակում, որ «մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների»:

«Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»,- ասաց նա՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և՛ Հայաստանում, և՛ դրսում:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ վստահությունը հիմնված է հայկական Զինված ուժերի, ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա: