Armenia խորագրով ցուցադրություն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Հայաստանի պատմության նշանակալի փուլերը ներկայացնող ցուցանմուշներն ընդգրկվելու են «Մետրոպոլիտենում» կայանալիք ցուցահանդեսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այս տարվա սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) խորագրով ցուցահանդեսը:

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում կցուցադրեն հայ միջնադարյան մշակույթի նմուշներ

ՀՀ մշակույթի նախարարությունից հաղորդում են, որ կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր այդ նախագծի մանրամասներն են ներկայացրել լրագրողներին.

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված կլինի 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20, և Մատենադարանի թանգարանից` 28: Կլինեն նմուշներ, որոնք առաջին անգամ կներկայացվեն»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նախարարն ասել է, որ ցուցանմուշներ են տրամադրել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը,  Սուրբ Հակոբյանց Եկեղեցու եղբայրությունը, Մխիթարյան միաբանությունը, «Գալուստ Գյուլբենկյան» և այլ թանգարանները:

Մակունցն ընդգծել է, որ բացումից առաջ միջազգային լրատվամիջոցների համար կանցկացվի մամուլի ասուլիս, կլինեն նաև հարցազրույցներ, որոնք կմեծացնեն հետաքրքրությունը այդ խոշորագույն իրադարձության նկատմամբ:

«Հայաստանի պատմության թանգարանից ցուցադրության համար ընտրվել են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ:  Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու մի բացահայտում կանի` ծանոթանալով այդ ցուցանմուշներին»,- շեշտել է Գրիգոր Գրիգորյանը:

Սելֆիի ժամ և 10 բեմ. Անկախության օրվան պատրաստվում ենք կկոցած աչքերով

Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով` Մատենադարանը կներկայացնի ձեռագրեր, որոնք ստեղծվել են 5-18-րդ դարերում: «Ձեռագրերի մեծ մասն Ավետարաններ են. ներառվել են նաև  հայ միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ, Եղիշեի, Դավիթ Անհաղթի գրքերը: Բացի գեղեցիկ մանրանկարներից, կցուցադրվեն այնպիսի գործեր, որոնք ներկայացնում են պատմական անձանց` Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տաթևացուն և այլոց»,- ասաց Տեր-Ղևոնդյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի կարծիքով՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդես անցկացնելը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական մեծ նշանակություն ունի: «Տրամադրել ենք բացառիկ մասունքներ, որոնք ներկայացված են եղել աշխարհի խոշորագույն թանգարաններում` Լուվրում, Վատիկանում, Էրմիտաժում: Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ցանկացել, որ իրենց թանգարանում ներկայանա  քրիստոնեական Հայաստանը»,- նշել է նա:

Ցուցահանդեսը համադրել է բյուզանդագետ դոկտոր Հելեն Էվանսը, որը երկար տարիներ աշխատել է Երևանում:

Այս խոշորագույն իրադարձության իրականացման համար Հայաստանի բյուջեից գումար չի ծախսվել: Ցուցահանդեսը կյանքի կկոչվի մի շարք բարեգործական ընկերությունների աջակցությամբ:

«Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: