Երևանում տղամարդը սուպերմարկետի հաճախորդի ուսապարկից թռցրել է բջջային հեռախոսը. տեսանյութ

Սուպերմարկետի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը գողություն անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. օգոստոսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:30-նն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր ուսապարկից հափշտակել է «Samsung Galaxy A7» ապրանքանիշի հեռախոսը՝ պատճառելով զգալի չափի՝ 250 000 ՀՀ դրամի վնաս:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: