Ո՞ր փողոցները փակ կլինեն Հայաստանի Անկախության օրը

Ոստիկանությունը սեպտեմբերի 21–ին կարգելի տրանսպորտային միջոցների կայանումը մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում, ինչպես նաև կփակի մի քանի փողոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության հրապարակ տանող գրեթե բոլոր փողոցները և խաչմերուկները, որտեղ ուրբաթ կկազմակերպվեն Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումներ, ժամը 10։00-ից փակ կլինեն։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը:

«Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մի շարք փողոցներում ժամանակավորապես կարգելվի երթևեկությունը, որոշ վայրերում կարգելվի կայանելը», — ասաց Սարգսյանը։

Մասնավորապես, սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից Հանրապետության հրապարակում և Շահումյան հրապարակում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։ Մեքենաներն արգելված կլինի կանգնեցնել նաև այն վայրերում, որտեղ բեմեր են տեղադրվելու։

«Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», — նշեց Սարգսյանը:

Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին զգոն լինել, հետևել երթևեկության կանոններին և հնարավորինս նվազագույնի հասցնել փոքր կենտրոնում ավտոմեքենաներով երթևեկությունը։