Մոտ 240 միլիոնի ներդրումներ Հայաստանում. ինչի՞ վրա կծախսվեն ԵԶԲ փողերը

ԵԶԲ–ն ծրագրում է Հայաստանում ֆինանսավորել գյուղատնտեսության, էլեկտրաէներգետիկայի և հեռահաղորդակցությունների ոլորտների խոշոր նախագծերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) 240 միլիոն դրամ ներդրումները կտրամադրվեն ջերմոցային տնտեսության զարգացմանը, էլեկտրական ենթակառուցվածքի և հաղորդակցական ցանցերի բարելավմանը, Sputnik Արմենիային ասաց Հայաստանում ԵԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը։

Հայաստանում 3 ընկերություն ներդրումներ կստանան. ԵԶԲ–ի ղեկավարը բացահայտեց մանրամասները

Նրա խոսքով` ԵԶԲ ընթացիկ ներդրումային պորտֆելը ֆինանսական հատվածում ներառում է չորս նախագիծ (թիրախային վարկային գծեր առևտրային բանկերին` միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու և ինտեգրացիոն արտահանման-ներկրման գործողությունների համար)` 66 միլիոն դոլար ընդհանուր գումարով։

Բացի այդ, բանկը Հայաստանում մշակում է մի շարք ներդրումային նախագծեր` 239 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Պատրաստվող նախագծերի պորտֆելը դիվերսիֆիկացված է Հայաստանի համար գերակա ոլորտներում` գյուղատնտեսություն, էլեկտրաէներգետիկա, հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, միկրո, փոքր և միջին բիզնես (տեղի ֆինանսական ինստիտուտների` միջնորդների միջոցով)։

Առաջին նախագիծը, որն իրականացվելու է «Արմսանպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ, վերաբերում է Երևանում 60 հա տարածքով ջերմոցային համալիր ստեղծելուն` կլոր տարին բանջարեղեն աճեցնելու և ՌԴ առաքելու համար։ Քննարկվող ֆինանսավորման գումարը կազմում է 67 միլիոն դոլար (10 տարի ժամկետով)։

Նախագծին խորհրդատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Սպայկան»` առաջատար ագրարաառևտրային ընկերությունը և Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողը։ Նախագիծը ենթադրում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացում և ունի վառ արտահայտված ինտեգրացիոն բնույթ։

ԵԶԲ–ն Հայաստանում ներդրումները կհասցնի 300 միլիոն դոլարի

Երկրորդ նախագիծը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրային ֆինանսավորումն է և վարկային պորտֆելի օպտիմալացումը։ ԵԶԲ տրամադրած գումարը կազմում է 60 միլիոն դոլար (40 միլիոն դոլարի երկարաժամկետ ներդրումային վարկ և 20 միլիոն դոլարի վարկային գիծ)։

Նախագիծը համաֆինանսավորում են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը։ Նախագծի իրագործման արդյունքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի որակական բարելավում, էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցում և ծախսերի օպտիմալացում, էլեկտրաէներգիայի ֆիզիկական և կոմերցիայի հաշվարկի համակարգի արդիականացում, բաշխիչ ցանցերի կառավարման համակարգի կատարելագործում։

Երրորդ խոշոր նախագիծը կապված է Ucom բջջային կապի օպերատորի ներդրումային ծրագրի ֆինանսավորման հետ։

Նախագիծը նախատեսում է կապի ուղիների հզորությունների ընդլայնում, նոր ծառայությունների ներդրում և ծածկի ցանցի զարգացում։ Նախագիծը կնպաստի Հայաստանի հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացմանը, սպառողների համար ծառայությունների որակի բարելավմանը։ ԵԶԲ վարկային լիմիտը կազմում է 100 միլիոն դոլար։

Փաշինյանի կառավարությունը շահագրգռված է ԵԶԲ–ի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում

ԵԶԲ-ը քննարկում է նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության ֆինանսավորման համար միջոցներ տրամադրելու հնարավորությունը` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով։

Հայաստանում միկրոֆինանսավորման, ՓՄՁ-ին աջակցելու, առևտրային ֆինանսավորման համար նախատեսվում է վարկային գիծ տրամադրել Converse Bank-ին։

Վերջին շրջանում ԵԶԲ-ն ակտիվացրել է նախագծային գործունեությունը Հայաստանում։ 2018թ-ին ստորագրվել են երկու նոր նախագծեր` 36 միլիոն դոլար արժողությամբ։ Երկրի մասնաբաժինը բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելում 2018թ-ի յոթ ամիսների ընթացքում 1,3 տոկոսից ավելացել է մինչև 2,0 տոկոս` ավելի քան մեկուկես անգամ։

Ավելի վաղ ԵԶԲ վարչության նախագահն ասել էր, որ բանկը մտադիր է Հայաստանում ներդրումային պորտֆելը 60 մլն դոլարից 300 մլն դոլարի հասցնել։