Արթուր Ջավադյանը Միջպետական բանկի խորհրդի նախագահ է վերընտրվել

ԿԲ նախագահը վերընտրվել է 1 տարի պաշտոնավարման ժամկետով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:

Նիստին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է 1 տարի պաշտոնավարման ժամկետով:

Միջպետական բանկը ստեղծվել է 1993թ-ին։ Հիմնադիրներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ազգային բանկերը (Կենտրոնական բանկերի):

Այս բանկի գործունեության հիմնական նպատակը ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացիային նպաստելն է, ներառևտրային գործարքների վարկավորումը ազգային փոխարժեքով, միջպետական նշանակության ներդրումային ծրագրերում մասնակցությունը և այլն: