Չլինեն այս փաստաթղթերը, չենք կարող վերականգնել իրականությունը.նախագահը Ազգային արխիվում էր

Ամատունի Վիրաբյանը Արմեն Սարգսյանին է ներկայացրել թվայնացվող աշխատանքների ծավալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայաստանի ազգային արխիվում ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նախագահին տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250 000 էջ թղթե և 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ եւ եզակի փաստաթղթերը:

Հայ օրիորդաց դպրոցը. ի՞նչ էին ուսումնասիրում աղջիկները XIX դարում

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն: Արմեն Սարգսյանն այցելել է նաև ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կատարող ընթերցողների հետ, եղել է հին ու նոր պահոցներում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ. «Յուրաքանչյուր փաստաթղթի ետևում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաև մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, ու եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք»,–ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի դիտարկմամբ` պատմությունը և արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձևով, այլ էապես, իսկ մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»: